Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
1898
Հարցեր և առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրե՛ք 10 գոյական, պարզեք դրանց կազմությունը՝ բարդ,
պարզ, ածանցավոր․․․: - Ինչո՞ւ հենց արծիվ ու կաղնին վիճեցին, ոչ թե ասենք բարդին ու կաքավիկը:
- Քո կարծիքով կաղնի՞ն էր ավելի պարծենկոտ, թե՞ արծիվը: Պատասխանդ հիմնավորի՛ր։
- Ի վերջո ո՞վ հաղթեց: Պատասխանդ հիմնավորիր համապատասխան տողերով:
- Քո համակրանքն ո՞ւմ կողմն էր, ինչո՞ւ: